Ես հանդիսավոր կերպով Ձեզ կոչ եմ անում դադարեցնել Գազայում արյունալի պատերազմը. Մակրոնը՝ Նեթանյահուին
Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուին ուղղված նամակում կտրականապես հերքել է նրա՝ վերջերս Ֆրանսիայում հակասեմականության աճի վերաբերյալ քննադատությունը: Նա զգուշացրել է, որ խնդիրը չպետք է «զենքի վերածվի», տեղեկացնում է France 24-ը։
Նամակում, որը հրապարակվել է մի քանի պարբերականներում, Մակրոնը նշել է. «Անգործության մասին այդ մեղադրանքներն այն դեպքում, երբ մենք պատուհասի դեմ պայքարում ենք ամբողջ ուժով, անընդունելի են և վիրավորանք են ամբողջ Ֆրանսիայի համար: Հակասեմականության դեմ պայքարը չպետք է զենքի վերածվի և Իսրայելի և Ֆրանսիայի միջև որևէ պառակտում չի խթանի»։
Մակրոնը նաև հավելել է. «Ես հանդիսավոր կերպով Ձեզ կոչ եմ անում դադարեցնել Գազայում արյունալի և անօրինական մշտական պատերազմի հուսահատ մրցավազքը, որը վնասում է Ձեր երկրին և Ձեր ժողովրդին դնում փակուղու առաջ»:
Նշենք, որ օգոստոսի կեսին ուղարկված նամակում Նեթանյահուն բողոքել էր, որ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետությունը ճանաչելու Մակրոնի խոստումը սնուցում է հակասեմականությունը։ Մակրոնին ուղղված իր նամակում Նեթանյահուն պնդել էր, որ այդ հայտարարությունից հետո Ֆրանսիայում հակասեմականությունը «սաստկացել» է։
Հիշեցնենք, որ Մակրոնն էլ ՄԱԿ-ի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։


