Էրիթրեան ադրբեջանական երեք նավ է կալանել
Ադրբեջանը նոտա է հղել Էրիթրեային՝ կապված իր դրոշի ներքո նավարկվող երեք նավերի և նրանց անձնակազմի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, տեղեկացնում է APA-ն:
Նրա խոսքով՝ անցյալ տարվա նոյեմբերի 7-ին «CMS Pahlavan», «CMS Igid» և «CMS-3» նավերը, որոնք շահագործվում են «Caspian Marine Services B.V.» ընկերության ադրբեջանական մասնաճյուղի կողմից և կրում են Ադրբեջանի պետական դրոշ, Սուեզի ջրանցքից ուղևորվելով ԱՄԷ-ի ուղղությամբ, եղանակային պայմանների վատթարացման պատճառով ստիպված են եղել մտնել Էրիթրեայի տարածքային ջրեր։
Հաջիզադեն հայտնել է. «Չնայած այն հանգամանքին, որ նավերի անցման ժամանակ նախապես կապ է հաստատվել Էրիթրեայի նավահանգստային իշխանությունների հետ, տեղեկատվություն փոխանցել չի հաջողվել: Այն բանից հետո, երբ նավերը մտել են տարածքային ջրեր, Էրիթրեան հայտարարել է, որ նավերի մուտքն անօրինական է, և նրանք կալանավորվել են: Նավերի անձնակազմի 18 անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են»։
Նա նշել է, որ Ադրբեջանը Եթովպիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան միջոցով նոտա է հղել Էրիթրեային, որում ընդգծել է, որ երկրի տարածքային ջրեր մտնելը չի հակասում միջազգային իրավական նորմերին։
«Հանդիպումներ են տեղի ունեցել Էրիթրեայի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաև Թուրքիայում և Ռուսաստանում նրա դեսպանատներում։ Համապատասխան աշխատանք է տարվում խնդրի լուծման, նավերի և անձնակազմի ազատ արձակման, ինչպես նաև անհրաժեշտ հյուպատոսական և իրավական օգնության համար»,- ամփոփել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։