Էրդողանը հայտնել է ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 20 զոհի մասին. Ալիևը ցավակցել է
Այսօր խորը վշտով տեղեկացանք, որ C130 ռազմական ինքնաթիռը, որն Ադրբեջանից մեր երկիր էր ուղևորվում, վթարի է ենթարկվել Վրաստան-Ադրբեջան սահմանին։ Մեր ջանքերը բեկորները գտնելու ուղղությամբ շարունակվում են՝ ազգային իշխանությունների հետ համակարգված: Այս մասին, ելույթ ունենալով իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Կոնգրեսի կենտրոնում, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի տարածքում, վթարի է ենթարկվել Թուրքիայի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատար ինքնաթիռ, որն Ադրբեջանից Թուրքիա էր թռչում։ Թուրքական գերատեսչությունը հայտարարել է, որ Վրաստանի հետ համագործակցությամբ որոնողական-փրկարարական աշխատանքներ են սկսվել։
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Էրդողանին և Թուրքիային: Նա, ամսնավորապես, նշել է. «Խորապես ցնցված ենք Գյանջայից թռիչք իրականացնող Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զինծառայողների մահվան լուրից։ Այս դժվարին ժամանակներում կիսում եմ ձեր վիշտը և Ադրբեջանի ժողովրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև Թուրքիայի եղբայրական ժողովրդին այս ողբերգության կապակցությամբ»։
Նշենք, սակայն, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ թուրքական ռազմական C-130 տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վրաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանից 5 կմ հեռավորության վրա, Սիղնախիի մունիցիպալիտետում։
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը ևս մեկ հայտարարություն է տարածել միջադեպի կապակցությամբ՝ հայտնելով, որ ինքնաթիռում 20 մարդ է եղել։


