Էրդողան. «Մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի դեռ կյանքի չի կոչվել Թուրքիայի հարյուրամյակի տեսլականը»
Օգոստոսի 30-ին Թուրքիայում նշվող «Հաղթանակի տոնի» և «Թուրքիայի զինված ուժերի օրվա» առթիվ առաջին միջոցառումը կազմակերպվել է հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանում (Anıtkabir), գրում է ermenihaber.am-ը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը պետպաշտոնյաների հետ միասին այցելել է դամբարան:
Միջոցառմանն ունեցած ելույթում Էրդողանը հայտարարել է. «Մենք հաստատակամորեն և վճռականորեն շարունակելու ենք մեր պայքարը, քանի դեռ կյանքի չի կոչվել մեր ազգի «Kızılelma»-ի վերածված Թուրքիայի հարյուրամյակի տեսլականը»:
«Kızılelma/Քըզըլէլմա» արտահայտությունը բառացի թարգմանաբար նշանակում է «Կարմիր խնձոր», որն այս պարագայում Թուրքիայի ռազմավարական գերնպատակներն են՝ ամբողջացված մեկ փաթեթով և մեկ արտահայտության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 30-ին «Հաղթանակի տոն» անվան տակ Թուրքիայում նշվում է 1922թ. տեղի ունեցած Դումլուփընար ճակատամարտի հաղթանակը, որից հետո ավելի իրատեսական դարձավ Թուրքիայի Հանրապետության հռչակումը: Նշյալ ճակատամարտի ժամանակ հունական զորքերը պարտություն կրեցին: Ի դեպ ճակատամարտի ժամանակ թուրքական զորքերի հրամանատարն էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: