ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև

Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այդ մասին հայտնում է Европейская правда-ն։ 

Սեպտեմբերի 6-ի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները փոխանցում են, որ պետքարտուղար Բլինքենն արդեն իսկ Ուկրաինայի մայրաքաղաքում է։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հնարավոր այցի մասին լրատվամիջոցները հայտնել էին դեռ նախօրեին։

Նախատեսվում է, որ Բլինքենը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որին կմասնակցեն նաև արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարարի թեկնածու Ռուստեմ Ումերովը։

Ինչպես փոխանցում է РБК-Украина-ն, առավոտյան Կիևի կենտրոնը մասամբ փակվել է տրանսպորտի տեղաշարժի համար։ Դա սովորաբար տեղի է ունենում այն ժամանակ, երբ մայրաքաղաք են ժամանում միջազգային առաջնորդներն ու պատվիրակությունները։ 

Վերջին անգամ Էնթոնի Բլինքենը Կիև էր ժամանել մոտ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 8-ին։ Ինչպես այս դեպքում, նախորդ տարի ևս Բլինքենի այցի մասին նախապես չէր հայտարարվել։ 

2022 թվականին Բլինքենը Կիև էր այցելել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Գաղտնի այցի ժամանակ ամերիկացի պաշտոնյաները հայտարարել էին Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին։

Այս գիշեր Կիևը ենթարկվել էր հրթիռակոծության, իսկ քաղաքում օդային տագնապի ազդանշանն անջատվել է պետքարտուղար Բլինքենի այցից մի քանի ժամ առաջ։

  • Կիսվել: