ԵՄ-ն պատվաստանյութի ավելի քան 200 միլիոն դեղաչափ կտրամադրի միջին եւ ցածր եկամուտ ունեցող երկրներին
Եվրամիությունը մինչեւ տարեվերջ պատվաստանյութի ավելի քան 200 միլիոն դեղաչափ կտրամադրի միջին եւ ցածր եկամուտ ունեցող երկրներին:
Սա երկու անգամ ավելի է, քան նախնական քանակը, որը ԵՄ-ն նախատեսում էր տրամադրել հիմնականում COVAX-ի միջոցով. սա ՄԱԿ-ի կողմից աջակցվող՝ աշխարհի ավելի աղքատ երկրներին պատվաստանյութեր տրամադրելու ծրագիր է, փոխանցում է news.am-ը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն «ստանձնում է ամենուր վարակի դեմ պայքարին աջակցության պատասխանատվությունը»: «Պատվաստումն առանցքային նշանակություն ունի, այդ իսկ պատճառով շատ կարեւոր է ապահովել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիությունը աշխարհի բոլոր երկրների համար»:
Ըստ ԵՄ տվյալների՝ COVAX-ը 122 միլիոն չափաբաժին է հասցրել 136 երկրներ: ԵՄ-ն նաեւ հայտարարել է, որ աջակցում է աֆրիկյան երկրներին պատվաստանյութերի եւ դեղամիջոցների արտադրության մեջ` ներմուծումներից մայրցամաքի կախվածությունը նվազեցնելու նպատակով: