ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայում խաղաղության հանգեցնող բոլոր ջանքերը
ԵՄ-ում հայտարարել են, որ ողջունում են Ուկրաինայում կայուն խաղաղության հանգեցնող բոլոր ջանքերը։ Հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում նախատեսվող հանդիպման նախապատրաստման ֆոնին, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:
Այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցում, մեկնաբանելով Բուդապեշտում նախատեսվող Թրամփ-Պուտին հանդիպումը, Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Ժիլը, մասնավորապես, նշել է. «(Եվրահանձնաժողովի) նախագահ ֆոն դեր Լայենը ողջունում է ցանկացած քայլ, որը կտանի Ուկրաինայի համար արդարացի և կայուն խաղաղության։ Եթե այս հանդիպումը ծառայի այդ նպատակին, ապա մենք այն ողջունում ենք»:
Ըստ The Guardian-ի էլ՝ ԵՄ-ում նշել են, որ պաշտոնական առարկություններ չունեն Ռուսաստանի առաջնորդի՝ ԵՄ տարածք ուղևորության դեմ։ Միությունում հավելել են, որ Պուտինի նկատմամբ գործում են պատժամիջոցներ, որոնք ենթադրում են ակտիվների սառեցում, այլ ոչ թե ուղևորության արգելք։


