ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ-ն մեկնարկել է «Aspides» առաքելությունը՝ Կարմիր ծովում նավերը պաշտպանելու համար

ԵՄ-ն մեկնարկել է «Aspides» առաքելությունը՝ Կարմիր ծովում նավերը պաշտպանելու համար

Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ պաշտոնապես համաձայնեցվել է Կարմիր ծովում Եվրամիության նոր ռազմածովային առաքելության մեկնարկը։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

«Aspides» (հունարենից թարգմանաբար՝ «վահան») գործողության նպատակն է ապահովել նավագնացության ազատությունը Կարմիր ծովում և Ադենի ծոցում, որտեղ հոկտեմբերից ի վեր հութիները սկսել են թիրախավորել առևտրային նավերը՝ պահանջելով Իսրայելից դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Համաշխարհային առևտրի 12 %-ը, ինչպես նաև լցանավերի 30 %-ն անցնում է այս կենսական ուղիով, և հութիների հարձակումները սպառնում են լրջորեն խաթարել առևտրային հոսքերը դեպի Եվրոպա։

Առաքելությունը կլինի Հունաստանի հրամանատարության ներքո։ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Բելգիան նախատեսում են ԵՄ առաքելության համար տրամադրել նավեր։

Ակնկալվում է, որ եվրոպական նավերը կունենան սոսկ պաշտպանական բնույթ և գործողության կդիմեն միայն սպառնալիքի դեպքում։ ԵՄ նավերը կպատասխանեն միայն ծովից հարձակումներին և կրակ չեն արձակի մայրցամաքի ուղղությամբ:

ԵՄ առաքելությունն անկախ կլինի ԱՄՆ-ի գլխավորած «Prosperity Guardian» գործողությունից, սակայն նրանց միջև կլինի համագործակցություն և կկատարվի տեղեկատվության փոխանակում:

  • Կիսվել: