կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ-ն կքննարկի Նավալնիի մահվան պատասխանատուների դեմ պատժամիջոցների սահմանման հարցը

ԵՄ-ն կքննարկի Նավալնիի մահվան պատասխանատուների դեմ պատժամիջոցների սահմանման հարցը

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատասխանատուների դեմ պատժամիջոցների սահմանման հարցը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին ժամանելուն պես։

«Այո՛, անդամ երկրներն անպայման կառաջարկեն պատժամիջոցներ սահմանել (խմբ․՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան) պատասխանատուների դեմ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Բորելի խոսքով՝ Եվրամիությունը մտադիր է մարդու իրավունքների խախտման համար պատասխանատուների դեմ սահմանափակիչ միջոցներ մտցնելու իր պատժամիջոցային մեխանիզմն անվանել Նավալնիի անունով։

«Մենք կառաջարկենք մարդու իրավունքների խախտման  պատժամիջոցային ռեժիմը վերանվանել Նավալնիի անվամբ», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները մտադիր են ուղարկել «քաղաքական ազդանշան Ռուսաստանի ներսում դեմոկրատներին աջակցության մասին»:

ԵՄ արտգործնախարարների նիստին ելույթ կունենա նաև Նավալնիի այրի Յուլյա Նավալնայան։

47-ամյա ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, փետրվարի 16-ին մահացել է ուղղիչ գաղութում։ Ըստ նախնական վարկածի՝ Նավալնիի մահվան պատճառ է դարձել պոկված թրոմբը։

  • Կիսվել: