կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, որի շրջանակներում սահմանափակող միջոցներ են մտցվել 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Շրի Լանկան, Սերբիան, Ղազախստանը, Թաիլանդը և Թուրքիան։ Այս մասին հաղորդում է ԵՄ խորհուրդը։

«Խորհուրդը որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել ևս 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են այնպիսի գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը», - ասվում է հայտարարության մեջ։

Այսպիսով, ըստ հայտարարության, Ռուսաստանից ԵՄ-ի սև ցուցակում ընդգրկված է ավելի քան 2000 ֆիզիկական անձ և ընկերություն։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ընկերությունների մի քանիսը գործում են երրորդ երկրներում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Շրի Լանկայում, Սերբիայում, Ղազախստանում, Թաիլանդում և Թուրքիայում․ դրանք, ըստ ԵՄ-ի,  շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցները։

13-րդ փաթեթի շրջանակներում Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 27 նոր ձեռնարկություններ, որոնք, ըստ ԵՄ-ի, աջակցում են ռուսական պաշտպանական արդյունաբերությանը:

ԵՄ-ն ընդլայնել է նաև արգելված ապրանքների ցանկը՝ դրանում ընդգրկելով անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար օգտագործվող բաղադրիչները։ Բացի այդ, արտահանման սահմանափակումներ են մտցվել այնպիսի ապրանքների վրա, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի արդյունաբերական կարողություններին, մասնավորապես՝ էլեկտրատրանսֆորմատորների:

Հակառուսական պատժամիջոցների մասին Եվրահանձնաժողովի հայտարարությունում նշվում է, որ 13-րդ փաթեթում ընդգրկվել է նաև Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կան Սուն Նամը, ինչպես նաև «մի շարք բելառուսական ընկերություններ և ֆիզիկական անձինք, որոնք աջակցություն են տրամադրում ՌԴ զինված ուժերին»։

  • Կիսվել: