ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանի կործանումը. Բորել

ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանի կործանումը. Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանի «կործանումը»։

«Մենք չենք աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար, և, անկեղծ ասած, մենք չենք ցանկանում Ռուսաստանի կործանումը»,- ասել է Բորելը իսպանական «Periodico» թերթին տված հարցազրույցում։

Ինչպես նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը, ոչ բոլոր եվրոպական երկրներն են նույն կերպ վերաբերվում հակամարտությանը։

«Կա մի երկիր, որը շատ թերահավատորեն է վերաբերվում պատժամիջոցների հետեւանքներին, կարծում է, որ դրանք ոչ մի ազդեցություն չունեն, և որ դրանք չպետք է կիրառվեին, քանի որ մենք մեր ոտքին ենք կրակում»,- հայտարարել է Բորելը՝ հավելելով, որ այդ երկիրը, միևնույն է, քվեարկել է պատժամիջոցների վերաբերյալ բոլոր առաջարկների օգտին:

Բորելի խոսքով՝ ԵՄ-ն չափազանց աստիճանական մոտեցում է ցուցաբերել ուկրաինական ճգնաժամին։ Նա նշել է, որ Եվրամիությունը ավելիին կհասներ, եթե անմիջապես «Leopard» տանկեր ուղարկեր Կիև, այլ ոչ թե երեք ամիս ծախսեր այս թեմայի քննարկման վրա։

Հարցին, թե որքան զինամթերք կա ԵՄ երկրների զինանոցներում, Բոլեը պատասխանել է. «Մենք գիտենք, թե ինչ ունենք: Մենք գիտենք, որ դա բավարար է այս պահի համար»։

Նա եվրոպական երկրներին կոչ է արել արագացնել արտադրության տեմպերը և օգտագործել պահուստները։ «Եթե խոսքը գնում է Ուկրաինային զինամթերքի մատակարարման մասին, պաշարների սահմանափակումները նշանակություն չունեն»,- հավելել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

  • Կիսվել: