շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ մի քանի երկիր ցանկանում է սահմանափակել միություն ներկրվող ամբողջ գազի գինը. Politico

ԵՄ մի քանի երկիր ցանկանում է սահմանափակել միություն ներկրվող ամբողջ գազի գինը. Politico

Եվրոպական մի շարք երկրներ, ներառյալ՝ Իտալիան և Լեհաստանը, հանդես են եկել ԵՄ ներկրվող ամբողջ գազի գնի սահմանաչափ սահմանելու օգտին: Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Նշվում է, որ համապատասխան կոչն արվել է ԵՄ երկրների կողմից ռուսական գազի գնի շեմի ներդրման վերաբերյալ քննարկումների շրջանակում։

Ըստ պարբերականի՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ նման տարբերակ դիտարկվում է, սակայն Բրյուսելն առայժմ դեմ է այս գաղափարին, քանի որ այն իրականացնելը շատ ավելի դժվար է, քան միայն Ռուսաստանից վառելիքի գների սահմանափակումը։

Միաժամանակ պարզաբանվում է, որ ոչ բոլոր երկրներն են համաձայն վառելիքի գների սահմանափակմանը: Ըստ թերթի զրուցակիցների՝ Գերմանիան «կասկածամտորեն» է վերաբերվել այս առաջարկին։ Հունգարիան, Սլովակիան և առնվազն երկու այլ երկրներ չեն աջակցել այդ գաղափարին:

Միևնույն ժամանակ, Հունգարիան պնդում է, որ ԵՄ էներգետիկ քաղաքականության վերաբերյալ որոշումներն ընդունվեն միաձայն, այլ ոչ թե ձայների մեծամասնությամբ, ինչպես պահանջում է Եվրահանձնաժողովը։

Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ G7 երկրներն արդեն սահմանել են ռուսական նավթի գնային շեմը։ Դրա արժեքը կսահմանափակվի դեկտեմբերի 5-ին, իսկ նավթամթերքինը՝ 2023 թվականի փետրվարի 5-ին։

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ կդադարեցնի նավթի և գազի մատակարարումն այն պետություններին, որոնք կփորձեն ռուսական հումքի գների շեմ սահմանել։ Նրա խոսքով, արևմտյան պետությունները ներկայումս այն վիճակում չեն, որ իրենց կամքը թելադրեն Մոսկվային։

  • Կիսվել: