չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են սկսվել դեկտեմբերին․ POLITICO

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են սկսվել դեկտեմբերին․ POLITICO

Եվրամիությունը պատրաստվում է բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ կառույցին ապագա անդամակցության շուրջ, պաշտոնական հայտարարությունը սպասվում է դեկտեմբերին: Այս մասին գրում է POLITICO-ն՝ հղում անելով թեմային ծանոթ երեք աղբյուրների։

Եվրամիության երկրները Կիևին անդամակցության թեկնածուի կարգավիճակ են շնորհել հունիսին, իսկ նոյեմբերին, ըստ ԵՄ պաշտոնյայի, Եվրահանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի դաշինքին միանալու պայմանների կատարման հարցում Ուկրաինայի առաջընթացի վերաբերյալ:

Առաջընթացի շուրջ զեկույցն ընդունելուց հետո Եվրահանձնաժողովը հայտարարություն կանի, որից հետո, ըստ աղբյուրներից մեկի, «անդամ երկրների համար շատ դժվար կլինի չասել՝ եկեք բանակցություններ սկսենք Ուկրաինայի հարցով»։

«Սրա շուրջ քաղաքական ճնշումը չափազանց մեծ կլինի, որպեսզի առանձին անդամ երկրներ դիմադրեն: Աշխատանքային ենթադրությունն այն է, որ մինչև դեկտեմբեր Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի բանակցություններ սկսելու մասին», - ասել է նա։

Բանակցությունները սկսելու համար Ուկրաինան պետք է կատարի Եվրահանձնաժողովի կողմից սահմանված յոթ պայմանները, ներառյալ՝ դատաիրավական բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը։ Սակայն նույնիսկ եթե բոլոր պայմանները չկատարվեն մինչև դեկտեմբեր, երբ ԵՄ առաջնորդները հավաքվեն գագաթնաժողովի համար, նրանք պետք է քաղաքական հայտարարություն անեն՝ լիազորելով բանակցությունների մեկնարկը։

«Նպատակը դեկտեմբերին քաղաքական համաձայնություն ձեռք բերելն է՝ բանակցություններ սկսելու համար», - պարբերականին հայտնել է մեկ այլ դիվանագետ՝ հավելելով, որ իրավական որոշում կարող է կայացվել մինչև 2024 թվականի սկիզբը։

Իսկ թե ինչ առաջընթաց է Ուկրաինան գրանցել այդ յոթ չափանիշները կատարելու հարցում, ԵՄ պաշտոնյան նշել է, որ այդ առաջընթացը ոգևորող է, և միայն փոքրամասնություններին վերաբերող հատվածն է խնդրահարույց թվում։

  • Կիսվել: