ԵՄ առաջնորդների համար ԱՄՆ խաղաղության ծրագրի որոշ կետեր անընդունելի են. Լեհաստանի վարչապետ
ԵՄ առաջնորդներն անընդունելի են համարում ԱՄՆ-ի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի 28 կետերից մի քանիսը։ Այս մասին Լուանդայում Ուկրաինայի հարցով ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Ուռա-լավատեսության համար քիչ հիմքեր կան։ Եվրոպական առաջնորդների շրջանում կա բացարձակ համաձայնություն, որ մի քանի տասնյակ ժամ առաջ ներկայացված 28 կետերի վրա աշխատանքը պետք է շարունակվի, որոնցից մի քանիսը անընդունելի են»։
Տուսկի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները գոհ չեն Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատման կետից։
Լեհաստանի վարչապետն ընդգծել է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը պահպանելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ Կիևի անվտանգության երաշխիքի համար ՆԱՏՕ-ի կործանիչներ Լեհաստան տեղակայելու կետը հանվել է ծրագրից։
Հավելենք, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, Լուանդայում՝ ԵՄ-Աֆրիկյան միության գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում՝ Ուկրաինայի հարցով: Հիմնական թեման Միացյալ Նահանգների կողմից ներկայացված ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրն էր:


