Ելիսեյան պալատը դատապարտել է Մակրոնի «ամոթալի» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությունը
Ելիսեյան պալատը չափազանց կոշտ է համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին՝ դադարեցնել զենքի մատակարարումը, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի հայտարարությանը։
«Ավելորդ խոսքեր, որոնք չեն համապատասխանում Ֆրանսիայի և Իսրայելի բարեկամությանը»,-մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի ներկայացուցչի հայտարարությունը։
Մակրոնի վարչակազմը վստահեցրել է, որ Ֆրանսիան շարունակում է մնալ «Իսրայելի անսասան բարեկամը»։
Հոկտեմբերի 5-ին Մակրոնը France Inter ռադիոյով կարծիք է հայտնել, որ Գազայում կռվելու համար Իսրայելին զենքի մատակարարման դադարեցումը առաջնահերթություն է հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին։ Ֆրանսիայի նախագահը, հիշատակելով Իսրայելի գործողությունը Լիբանանում, ասել է նաեւ, որ անընդունելի է համարում Լիբանանի ժողովրդի վրա հարձակումը։
Նա ընդգծել է, որ Լիբանանը չպետք է դառնա նոր Գազա եւ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։
Նեթանյահուն «ամոթալի» է անվանել զենքի մատակարարումը դադարեցնելու Մակրոնի առաջարկը և ասել, որ Իսրայելը կհաղթի բոլոր հակառակորդներին նույնիսկ առանց Արևմուտքի օգնության։