երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Էկվադորում 60 օրով արտակարգ դրություն է հայտարարվել՝ նախագահի թեկնածուի սպանությունից հետո

Էկվադորում 60 օրով արտակարգ դրություն է հայտարարվել՝ նախագահի թեկնածուի սպանությունից հետո

Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոն արտակարգ դրություն է հայտարարել Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես հայտարարում եմ արտակարգ դրություն 60 օրով։ Այսուհետ զինված ուժերը մոբիլիզացված են ողջ տարածքում՝ երաշխավորելու քաղաքացիների անվտանգությունը, երկրի անդորրը, ազատ և ժողովրդավարական ընտրությունները», - ասել է նախագահը ուղերձում։

Բացի այդ, Լասսոն եռօրյա համազգային սուգի մասին հրամանագիր է ստորագրել։

Հիշեցնենք, որ Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն սպանվել է մայրաքաղաք Կիտոյում նախընտրական հանրահավաքից հետո։ Մահափորձն իրականացվել է ընտրություններից մի քանի օր առաջ։

Նրա մահը հինգշաբթի՝ օգոստոսի 10-ին, հաստատել է Էկվադորի ղեկավար Գիլերմո Լասսոն։ Նախագահի խոսքով՝ ինքը «վրդովված ու ցնցված է սպանությունից»։ Լասսոն համերաշխություն և ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի կնոջն ու դուստրերին և վստահեցրել, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։

«Կազմակերպված հանցավորությունը շատ հեռուն է գնացել, մարդասպանները կկանգնեն օրենքի ողջ բեռի առաջ»,-հավելել է պետության ղեկավարը։

El Universo թերթի տվյալներով՝ 59-ամյա Վիլյավիսենսիոն սպանվել է երեք կրակոցով։ Հրատարակության աղբյուրների նախնական տվյալների համաձայն՝ տուժել է ութ մարդ, նրանցից յոթը հոսպիտալացվել են։

Ազգային ոստիկանությունը գործողություն է սկսել հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ, փակել է փողոցները դեպքի վայրում։

Ըստ հարցումների՝ Վիլյավիսենսիոն չորրորդ տեղում էր նախագահի ութ թեկնածուների շարքում:

Էկվադորում արտահերթ ընտրությունները նշանակված են օգոստոսի 20-ին։

 

  • Կիսվել: