ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ-ին տրված մանդատը դե յուրե դեռ ուժի մեջ է մնում, դե ֆակտո այն արդեն անվավեր է համարվում. Ալիև

ԵԱՀԿ ՄԽ-ին տրված մանդատը դե յուրե դեռ ուժի մեջ է մնում, դե ֆակտո այն արդեն անվավեր է համարվում. Ալիև

Չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբին տրված մանդատը դե յուրե դեռ ուժի մեջ է մնում, դե ֆակտո այն արդեն անվավեր է համարվում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հետպատերազմյան շրջանում՝ մինչև ռուս-ուկրաինական բախումը, մենք հայտնել ենք մեր կարծիքը այս հարցի կապակցությամբ: Մեր արտգործնախարարը միջազգային տարբեր հարթակներում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ, և նրանց հարցրել ենք, թե ինչով են մտադիր զբաղվել: Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Ադրբեջանի տարածքում չկա ու չի կարող լինել Լեռնային Ղարաբաղ վարչական միավոր: Ասեք մեզ, խնդրում եմ, թե ինչով եք զբաղվելու, որպեսզի մենք էլ մեր կարծիքն ասենք: Ավելի քան մեկ տարվա ընթացքում այս հարցի վերաբերյալ մենք ոչ մի առաջարկ չենք ստացել: Ներկայումս Մինսկի խումբը՝ համանախագահների ձևաչափով, փաստացիորեն անգործունակ վիճակում է: Այս մասին արդեն հայտարարում են համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս պարագայում խմբակային գործունեության մասին, իհարկե, խոսք լինել չի կարող», – նշել է Ալիևը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն՝ որպես ազդեցիկ միջազգային կառույց, կարող է դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:

Այս համատեքստում նա կարևորել է նաև Եվրամիության դերը՝ հիշեցնելով անցած տարվա դեկտեմբերին և անցած շաբաթ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ իր և Հայաստանի ղեկավարի հանդիպման մասին: Ալիևը հատուկ ընդգծել է, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ չկա հակամարտություն եզրույթը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը:

«Այժմ Եվրամիությունը զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ, և այդ հարցերը քննարկվել են ապրիլյան վերջին հանդիպման ժամանակ: Ինչպես գիտեք, Ադրբեջանը հինգ կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել, և հայկական կողմը դրական է արձագանքել դրան, ու այդ մասին հայտարարություններ հնչել են մինչև բրյուսելյան հանդիպումը: Իսկ Բրյուսելում ես ցանկացա մեկ անգամ էլ ինձ համար համոզվել և պարզեցի, որ Հայաստանը ընդունում է այդ հինգ սկզբունքները: Այսպիսով, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, և Հայաստանը հրաժարվում է տարածքային պահանջներից», – հայտարարել է Իլհամ Ալիևը։

 

  • Կիսվել: