հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատավարությունը կարող է տևել շուրջ մեկ տարի. Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել

Դատավարությունը կարող է տևել շուրջ մեկ տարի. Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել

ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականի հանրապետականների հավանական թեկնածու Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ժամանել է Մանհեթենի դատարան՝ լսելու իր դեմ ներկայացված մեղադրանքները։

Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը երեքշաբթի ապրիլի 4-ին հրապարակել է մեղադրական եզրակացության խմբագրված տարբերակը, որով պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգների նախկին նախագահին՝ 2016 թվականի ընտրություններից առաջ չափահասների համար ֆիլմերի դերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելու գործով:

Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել 34 հանցավոր դրույթներով՝ բիզնես գրառումների կեղծման համար: Թրամփի փաստաբաններն ասել են, որ նա կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ 130 հազար դոլար է վճարել դերասանուհուն:

Ըստ հետաքննության՝ գումարն առաջարկվել է որպես վճարում Թրամփի հետ դերասանուհու մտերիմ հարաբերությունների մասին տեղեկության չհրապարակման համար, որոնք նա իբր ունեցել է տասը տարի առաջ։

Այս վճարումն ինքնին անօրինական չէր, սակայն խնդիրը դրա ձևակերպման մեջ է. Թրամփն ու նրա փաստաբանները այն ներկայացրել են որպես իրավաբանական ծառայությունների համար վճարում, որը որակվում է խարդախություն Նյու Յորք նահանգում և նախատեսում է քրեական հետապնդում:

Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոյենը 2018 թվականին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման այս գործի շրջանակում, սակայն Թրամփին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Նախկին նախագահն այս գործը որակում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում՝ կասկած հայտնելով Մանհեթենի դատարանի անաչառության վերաբերյալ:

Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանի դատավոր Խուան Մերկանը մերժել է դատավարության հեռուստատեսային հեռարձակման մասին լրատվամիջոցների խնդրանքները, սակայն թույլատրել է մի խումբ լուսանկարիչներին լուսանկարել Թրամփին և նիստի մասնակիցներին՝ մեղադրական եզրակացության ներկայացումից առաջ:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը՝ իրեն մեղադրանք առաջադրելուց հետո։

Նա դատարանի շենքում կալանքի տակ է մնացել մոտ երկու ժամ։

  • Կիսվել: