«Ցինիկ և հաշվարկված». Զելենսկին՝ Կիևի վրա ՌԴ-ի այսօրվա հարձակման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է ռուսական բանակի՝ այսօր առավոտվա հարձակումը՝ այն անվանելով «ցինիկ և հաշվարկված հարձակումը», որի հետևանքով հրդեհ է բռնկվել Կիևի կենտրոնում գտնվող բարձրահարկ բնակելի շենքում, վնասվել են ուկրաինական էներգետիկ օբյեկտները։
Ինչպես հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ 12 մարդ վիրավորվել է, քաղաքի արևելյան թաղամասերը զրկվել են էլեկտրաէներգիայի, հազարավոր մարդիկ՝ ջրի մատակարարումից։
Իր հերթին Էներգետիկայի նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ ռուսական հարձակումների հետևանքով հոսանքազրկվել են նաև Սումիի, Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Զապորոժիեի բնակիչները։
«Քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները... Ռուսաստանի հարվածների հիմնական թիրախն են ջեռուցման սեզոնից առաջ»,- հայտարարել է Զելենսկին՝ կոչ անելով ընդարձակել միջազգային աջակցությունը։
«Միասին մենք կարող ենք պաշտպանել մարդկանց այս ահաբեկչությունից։ Անհրաժեշտ են վճռական գործողություններ՝ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից և G7-ից՝ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու և պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասել է նա։


