ՑԱԽԱԼ-ը հարվածել է «Հեզբոլլահ»-ի՝ Բեյրութի արվարձանում գտնվող ԱԹՍ-ների պահեստին
ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, հարվածել է Բեյրութի հարավային Դահիե արվարձանի Հադաս շրջանում գտնվող՝ «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքերի պահեստին։ Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում:
Նշվում է, որ Իսրայելը Բեյրութի հարավային արվարձանի բնակիչներին նախազգուշացրել է հարվածի մասին և հրահանգել տարհանվել, այնուհետև հրթիռային հարձակում է իրականացրել՝ թիրախավորելով Դահիեում գտնվող շենքը:
«Հարձակում է տեղի ունեցել ենթակառուցվածքի վրա, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ» կազմակերպության 127-րդ օդային ստորաբաժանման կողմից անօդաչու թռչող սարքերի պահեստավորման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ «Հեզբոլլահ»-ն իր ահաբեկչական ենթակառուցվածքը տեղադրել է հենց քաղաքացիական շրջանի կենտրոնում, ինչը «Հեզբոլլահ»-ի կողմից խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու ևս մեկ օրինակ է։
Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը«Հեզբոլլահ»-ին մեղադրել է Վերին Գալիլեայի շրջանի ուղղությամբ մարտի 28-ի առավոտյան հրթիռներ արձակելու մեջ, ինչն իսրայելական կողմը համարում է Իսրայելի և Լիբանանի միջև կրակի դադարեցման համաձայնության բացահայտ խախտում և ուղղակի սպառնալիք Իսրայելի քաղաքացիների համար։
«Լիբանանը պատասխանատվություն է կրում կրակի դադարեցման համաձայնագրի պահպանման համար: Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի աշխատել Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հերքել է Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը։