չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Բուլղարիան հրաժարվել է «Գազպրոմի» հետ նոր գործարքից եւ արդեն բանակցել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Հունաստանի հետ

Բուլղարիան հրաժարվել է «Գազպրոմի» հետ նոր գործարքից եւ արդեն բանակցել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Հունաստանի հետ

Բուլղարիան ընթացիկ պայմանագրի ժամկետի ավարտիեց հետո գազի մատակարարման մասին նոր պայմանագիր չի կնքի «Գազպրոմի» հետ, ասել է այդ երկրի վարչապետը։ Երկիրը կփնտրի այլընտրանքային մատակարարներ եւ հույս ունի միասնական պայմանագիր կնքել ԵՄ-ի շրջանակում։ Այժմ Բուլղարիան գործնականում ներկրվող ամբողջ գազն ստանում է Ռուսաստանից, գրել է Forbes-ը։

Բուլղարիան «Գազպրոմի» հետ ռուսական գազի ներկրման նոր պայմանագիր չի կնքի, ասել է երկրի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Ասեն Վասիլեւը Բուլղարիայի ազգային ռադիոյի հարցազրույցում։

Վասիլեւի խոսքով՝ երկիրը ռեսուրսների այլընտրանքային աղբյուրներ ունի, օրինակ՝ մատակարարումները Կատարից եւ Ալժիրից։ Բացի այդ, Սոֆիան կփորձի միասնական պայմանագիր կնքել Եվրամիության մակարդակով։ Բուլղարիայում կարծում են, որ այդ մեխանիզմը կսկսի աշխատել ամռանը, նշել է երկրի փոխվարչապետը։  «Գազպրոմի» հետ բանակցություններ ընթացիկ իրավիճակում չեն լինի, ընդգծել է նա։  

Բուլղարիան արդեն բանակցություններ է վարել Հունաստանի եւ Թուրքիայի հետ՝ հեղուկացված բնական գազ գնելու համար առկա ենթակառուցվածքի օգտագործման, ինչպես նաեւ Ադրբեջանից ներմուծումն ավելացնելու մասին։ Վերջինի հետ Սոֆիան նույնպես պայմանագիր է կնքել, նշել է Վասիլեւը։

Բուլղարիան ներկրվող գազի գրեթե ամբողջ ծավալն ստանում է Ռուսաստանից՝ «Գազպրոմի» հետ 10 տարվա պայմանագրի համաձայն, գրել է Bloomberg-ը։ Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2022թ. վերջին։ Երկիրը տարիներ շարունակ հետաձգել է էներգառեսուրսների աղբյուրների տարբերակման եւ երկրի միակ գազապահեստարանն ընդլայնելու նախագծերը, նշել է գործակալությունը։ Այժմ կառավարությունը փորձում է արագացնել երկու նախագծերի իրականացումը, ավելացրել է Bloomberg-ը։

  • Կիսվել: