երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրիտանիայում բացահայտվել են «Ադրբեջանական լվացքատան» միջոցով խոշոր գումարների լվացման նոր փաստեր

Բրիտանիայում բացահայտվել են «Ադրբեջանական լվացքատան» միջոցով խոշոր գումարների լվացման նոր փաստեր

Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունն (NCA) առգրավել է ադրբեջանցի քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիևի հետ կապ ունեցող բանկային հաշիվներում պահվող միլիոնավոր ֆունտ ստեռլինգի հասնող գումար։ Անցկացված հետաքննությունից հետո պարզ է դարձել, որ այդ միջոցները պատկանում են «Ադրբեջանական լվացքատանը»։

Ֆինանսական քննիչների որոշմամբ՝ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի ղեկավար, Ադրբեջան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի ընտանիքին պատկանող բանկային հաշիվներին առկա 5,6 միլիոն ֆունտ ստեռլինգը բռնագանձվել է։

Կազմակերպված հետաքննության արդյունքում հանձնարարվել է սառեցնել Ջ. Ֆեյզիևի կնոջը՝ Փարվանա Ֆեյզիևային, նրա երեխաներից մեկին՝ Օրխան Ջավանշիրին և եղբորորդուն՝ Էլման Ջավանշիրին պատկանող 6 հաշիվները։

Քննիչները կարծում են, որ այդ միջոցները լվացվել են Էստոնիայում և Լատվիայում կեղծ ընկերությունների բանկային հաշիվների միջոցով: Որոշ փոխանցումներ օրինական և անհրաժեշտ փաստաթղթերով են իրականացվել, սակայն Լոնդոնի Վեստմինսթերի դատարանում երեք շաբաթ տևած դատավարությունից հետո հայտարարվել է, որ անվիճելի ապացույցներ կան առ այն, որ այդ փաստաթղթերն ամբողջությամբ կեղծ են և պատրաստվել են փողերի լվացումը թաքցնելու համար։

Ընդհանուր առմամբ՝ սառեցված գումարի ծավալը կազմել է 15,3 մլն ֆունտ ստեռլինգ, որից 5,6 մլն ֆունտ ստեռլինգը բռնագանձվել է։  

  • Կիսվել: