ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Բրիտանիան պաշտպանել է Իսրայել զենքի արտահանման արտոնագրերի մի մասը կասեցնելու որոշումը

Բրիտանիան պաշտպանել է Իսրայել զենքի արտահանման արտոնագրերի մի մասը կասեցնելու որոշումը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պաշտպանել է Իսրայելին զենքի մատակարարման 350 արտոնագրերից 30-ը կասեցնելու որոշումը։  Հիլին BBC-ին հայտնել է, որ դա «նյութական ազդեցություն չի ունենա» Իսրայելի անվտանգության վրա։

Բրիտանիայի պաշտպանության նախարարը նաև արդարացրել է նման քայլի ժամանակացույցը, որը համընկել էր Գազայի հատվածում զոհված վեց պատանդների հուղարկավորության հետ։ Նա նշել է, որ սարսափելի էր լսել Գազայի հատվածում իսրայելցի 6 պատանդների մահվան մասին լուրը, և հավելել է, որ այդ հայտարարության հիմքում ընկած է եղել իրավական գործընթաց։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ամոթալի» է անվանել Բրիտանիայի այս քայլը՝ նշելով, որ այդ «սխալ որոշումը միայն ավելի համարձակ կդարձնի ՀԱՄԱՍ-ին»։

Սեպտեմբերի 2-ին Բրիտանիան կասեցրել էր Իսրայել զենքի արտահանման 350 արտոնագրերից 30-ը՝ նշելով, որ կա վտանգ, որ իր տրամադրած զենքերը կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներով։ 

Իսրայել զենքի ամենախոշոր արտահանողն ԱՄՆ-ն է, իսկ Մեծ Բրիտանիայի կողմից զենքի վաճառքը կազմում է երկրի պաշտպանական ներմուծումների 1 %-ը։

Միևնույն ժամանակ Իսրայելում սեպտեմբերի 3-ին ևս նախատեսվում են ցույցեր, որոնք սկսվել են Գազայի հատվածում վեց պատանդների սպանությունից հետո։ Ցուցարարները պահանջում են, որ իշխանություններն ավելի շատ բան անեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդներին վերադարձնելու համար։

 

  • Կիսվել: