հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Բրիտանիան հուսով է համագործակցել Չինաստանի հետ Թրամփի կլիմայական քաղաքականությանը դիմակայելու հարցում. The Guardian

Բրիտանիան հուսով է համագործակցել Չինաստանի հետ Թրամփի կլիմայական քաղաքականությանը դիմակայելու հարցում. The Guardian

Մեծ Բրիտանիան հուսով է Չինաստանի եւ մի շարք զարգացող երկրների հետ նոր գլոբալ առանցք ձեւավորել կլիմայական գործողությունների համար՝ դիմակայելու համար Դոնալդ Թրամփի կանաչ քաղաքականությունից հրաժարվելուն եւ նրա կտրուկ շրջադարձին կլիմայական թշնամական երկրներին, ինչպիսին են Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան, գրել է The Guardian-ը։

Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էդ Միլիբենդը ուրբաթ ժամանել է Պեկին չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եռօրյա բանակցությունների համար, որպեսզի քննարկի կանաչ տեխնոլոգիաների մատակարարման շղթաները, ածխի եւ մաքուր էներգիայի համար անհրաժեշտ կարեւոր օգտակար հանածոների հարցը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի կանաչ տնտեսությունն աճում է երեք անգամ ավելի արագ, քան մնացած տնտեսությունը, սակայն նյութերի հասանելիությունը կարեւոր նշանակություն կունենա դրա հետագա զարգացման համար:

«Մենք կկարողանանք ապագա սերունդներին պաշտպանել կլիմայի փոփոխությունից միայն այն դեպքում, եթե գործեն բոլոր խոշոր էմիտենտները: Չինաստանին չներգրավելը քննարկումներում պարզապես անփութություն է այսօրվա եւ ապագա սերունդների հանդեպ, քանի որ նա կարող է իր դերն ունենալ կլիմայի փոփոխության դեմ պայքարում»,- ասել է բրիտանացի նախարարը։

The Guardian-ում հրապարակված հոդվածում նա նշել է. «Երկրի ներսում կլիմայի պաշտպանությանն ուղղված գործողությունները, առանց այլ, ավելի մեծ երկրների մասնակցության, չեն պաշտպանի ներկա եւ ապագա սերունդներին: Մենք կպաշտպանենք մեր ֆերմերներին, մեր թոշակառուներին եւ մեր երեխաներին միայն այն դեպքում, եթե ստիպենք աշխարհի այլ երկրների կատարել իրենց դերը»:

Ինչպես գրել է պարբերականը, շատ փորձագետներ կարծում են, որ կլիմայական կոլապսը կանխելու միակ հեռանկարն այն է, որ Չինաստանը, ԵՄ-ը, Մեծ Բրիտանիան եւ այլ խոշոր նտեսությունները ձեւավորեն կլիմայական դաշինք խոցելի զարգացող երկրների հետ միասին, «որպեսզի դիմակայեն ԱՄՆ, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ նավթարդյունահանող երկրների քաշին, որոնք կողմ են վառելիքի հանածո տեսակների օգտագործման հետագա ընդլայնմանը»։

 

  • Կիսվել: