Բերբոքը հույս է հայտնել, որ Իրանի նոր վարչակազմի օրոք կկարողանան ընդլայնել երկկողմ կապերը
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը վերահաստատել են երկու երկրների վճռականությունը՝ ընթացիկ հարցերը լուծել երկխոսության և քաղաքական խորհրդակցությունների ճանապարհով:
Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Գերմանիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Բերբոքը շնորհավորել է Արաղչիին Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Իրանի նոր վարչակազմի օրոք երկու երկրները կկարողանան ընդլայնել իրենց երկկողմ կապերը՝ վերացնելով առկա խնդիրներն ու խոչընդոտները:
Արաղչին շնորհակալություն է հայտնել իր գերմանացի գործընկերոջը շնորհավորանքի համար․ «Փոխադարձ հարգանքը և ընդհանուր շահերի վրա շեշտադրումն անհրաժեշտ են տարբեր ոլորտներում հարաբերությունների պահպանման և ամրապնդման համար», - ընդգծել է նա: