ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պայթյուն Բելգորոդում. Սու-34 ռազմական ինքնաթիռից զինամթերք է ընկել քաղաքի բնակելի թաղամասում

Պայթյուն Բելգորոդում. Սու-34 ռազմական ինքնաթիռից զինամթերք է ընկել քաղաքի բնակելի թաղամասում

Բելգորոդում քաղաքի վրայով թռչող Սու-34 ռուսական ինքնաթիռից ավիառումբ է ընկել։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ավելի վաղ, հինգշաբթի երեկոյան, Բելգորոդի թելեգրամ-ալիքներում հայտնվել էին քաղաքի խաչմերուկներից մեկում գոյացած մեծ փոսի լուսանկարները եւ տեսակադրերը։

Գերատեսչությունը պատահարը բացատրել է «ավիացիոն զինամթերքի ոչ հաստիքային արձակմամբ»։

Հզոր պայթյունը, որի հետեւանքով Բելգորոդի Վատուտինի եւ Գուբկինի փողոցների խաչմերուկում հսկայական փոս է գոյացել, տեղի է ունեցել նախօրեին, ժամը մոտ 22.15-ին։ Ականատեսների խոսքով՝ պայթյունից անմիջապես առաջ նրանք «սուլոց» են լսել, իսկ մի քանի վայրկյան անց՝ դղրդյուն եւ պայթյուն։

Ավելի վաղ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել էր, որ Բելգորոդում տեղի է ունեցել պայթյուն։ Նախնական տվյալներով՝ տուժել է տեղի երկու բնակչուհի։ Նրանցից մեկը գանգուղեղային վնասվածքով, միջին ծանրության վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Մյուսը հրաժարվել է հոսպիտալացումից։

Պայթյունի հետեւանքով վնասվել են կայանած մի քանի մեքենաներ։ Տներից մեկում ավերվել է չորս բնակարան։ Նրանց բնակիչներին առաջարկվել է ժամանակավոր տեղափոխվել հյուրանոց։ Նահանգապետը տեղեկացրել է, որ տանն իրականացվելու է փորձաքննություն՝ կրող սյուների վնասվածքները պարզելու համար։ Եթե դրանք հաստատվեն, ապա ամբողջ մուտքը կվերաբնակեցվի։

  • Կիսվել: