ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Բելգիայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են բյուջետային խնայողության միջոցառումների դեմ

Բելգիայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են բյուջետային խնայողության միջոցառումների դեմ

Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ ի պատասխան արհմիությունների կոչի: Ցուցարարները դեմ են Բարտ դը Վևերի կոալիցիոն կառավարության կողմից նախատեսվող խնայողության միջոցառումների օրինագծին, տեղեկացնում է Euronews-ը։

Նշվում է, որ ցուցարարները կարծում են, որ կառավարության գործողությունները հիմնականում կվնասեն խոցելի խմբերին: Արհմիությունները վրդովված են առաջարկվող կենսաթոշակային բարեփոխմամբ, գիշերային հերթափոխի վարձատրությունը կրճատելու ծրագրով և գործազրկության նպաստների չափով:

Ցույցերը մեծ մասամբ խաղաղ են, սակայն Բրյուսելում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տասնյակ մարդկանց։ Մի քանիսը վիրավորվել են և տեղում ստացել բժշկական օգնություն։ Բացի այդ՝ Բելգիայում համընդհանուր գործադուլը խաթարել է հասարակական տրանսպորտի գործունեությունը, դադարեցվել է բազմաթիվ ավտոբուսային գծերի գործունեությունը: Երկրի երկու խոշորագույն օդանավակայաններում չեղարկվել են բոլոր արտագնա չվերթները:

Ակնկալվում է, որ բողոքի ցույցերը կմեծացնեն ճնշումը Բարտ դե Վևերի կոալիցիոն կառավարության վրա, որը նախօրեին չի կարողացել բյուջետային խնդիրներում գալ համաձայնության։

Ըստ աղբյուրի՝ Բելգիայի բյուջեի դեֆիցիտը 2024 թվականի վերջին կազմել է 4.5 տոկոս, իսկ պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 100 տոկոսը։ Սա խախտում է ԵՄ կանոնները, որոնք պահանջում են անդամ պետություններից պահպանել իրենց բյուջետային դեֆիցիտը 3 տոկոսից ցածր, իսկ պարտքի մակարդակը՝ ՀՆԱ-ի 60 տոկոսից ցածր։

  • Կիսվել: