շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Բազմահազարանոց հանրահավաք Կոսովոյում. ցուցարարներն աջակցում են դատավճռի սպասող նախկին նախագահին և բանակի նախկին հրամանատարներին

Բազմահազարանոց հանրահավաք Կոսովոյում. ցուցարարներն աջակցում են դատավճռի սպասող նախկին նախագահին և բանակի նախկին հրամանատարներին

Պրիշտինայում հազարավոր մարդիկ մասնակցել են հանրահավաքի՝ հաջակցություն Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիի և Կոսովոյի ազատագրական բանակի ևս երեք նախկին հրամանատարների, որոնք սպասում են պատերազմական հանցագործությունների գործով դատավճռի հրապարակմանը: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ Հաագայում Կոսովոյի Հատուկ պալատի որոշումը պետք է հայտարարվի չորեքշաբթի։

Ըստ աղբյուրի՝ ակցիայի մասնակիցները լցրել էին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը։ Շատերը եկել էին կարմիր-սև ալբանական դրոշներով, քաղաքում փակցված էին չորս մեղադրյալների դիմանկարները։ Մեծ էկրանին ընթանում էր դատավճռի հրապարակմանը մնացած ժամանակի հետհաշվարկը, պաստառներից մեկը դատարանին կոչ էր անում «հանուն ժողովրդի» նրանց անմեղ ճանաչել։

Հիշեցնենք, որ Հաշիմ Թաչին, ինչպես նաև Կադրի Վեսելին, Ռեջեփ Սելիմին և Յակուպ Կրասնիչին մեղադրվում են սպանությունների, խոշտանգումների և խաղաղ բնակչության հետապնդման մեջ 1998–1999 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ Կոսովոն ձգտում էր անջատվել Սերբիայից։ Դատախազությունը պահանջել է նրանցից յուրաքանչյուրին դատապարտել առավելագույն ժամկետի՝ 45 տարվա ազատազրկման։

Թաչին 2020 թվականին հրաժարական է տվել նախագահի պաշտոնից, որպեսզի անձամբ պաշտպանվի դատարանում։ Նույն տարվա նոյեմբերից ի վեր նա և երեք նախկին հրամանատարները գտնվում են կալանքի տակ և մերժում են առաջադրված մեղադրանքները։ Իր վերջին խոսքում Թաչին հայտարարել է, որ անմեղ է, և միակ արդար որոշումը կարող է լինել իր լիակատար արդարացումը։

Հաղորդվում է նաև, որ նախկին հրամանատարների կողմնակիցները Կոսովոյի ազատագրական բանակը անվանում են երկրի ազատագրման շարժում և դատական գործընթացը համարում քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Հանրահավաքում հնչել են հայտարարություններ, որ ակցիայի մասնակիցները թույլ չեն տա «վերաշարադրել պատմությունը»։

  • Կիսվել: