երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայդենը Կոնգրեսին կոչ է արել անհապաղ հաստատել Թուրքիային F-16-ների վաճառքը․ Reuters

Բայդենը Կոնգրեսին կոչ է արել անհապաղ հաստատել Թուրքիային F-16-ների վաճառքը․ Reuters

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նամակ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով «անհապաղ» հավանություն տալ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ Բայդենը մտադիր է կործանիչների վաճառքի գործընթացը սկսել հենց որ Թուրքիան ավարտի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վավերացումը։

Ըստ Reuters-ի՝ նամակում Ջո Բայդենի վարչակազմը կոչ է անում հաստատել F-16 կործանիչների (թիվը չի նշվում) և դրանց արդիականացման փաթեթների վաճառքը 20 միլիարդ դոլարով, մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիային, որքան հնարավոր է շուտ վավերացնել Շվեդիայի դիմումը, նշում է գործակալությունը։

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Վեդանտ Պատելը հունվարի 24-ին կայացած ճեպազրույցում հրաժարվել է մանրամասներ հայտնել Թուրքիա F-16-ների հնարավոր մատակարարումների մասին։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը հունվարի 23-ին հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմանը։ 

  • Կիսվել: