շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը բարոյական ապտակ էր Էրդողանին․ New York Times

Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը բարոյական ապտակ էր Էրդողանին․ New York Times

New York Times հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել «Հայոց ցեղասպանությունը պատմության և քաղաքականության մեջ» թեմայով՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ամենամյա ուղերձին, որում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:

Պարբերականը նշում է, որ տարիներ շարունակ այս թեմայից խուսափելուց հետո, մեկ դար առաջ Օսմանյան կայսրության իրականացրած 1.5 մլն հայերի սպանություններն ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչում է որպես ցեղասպանություն. գրել է 1lurer.am -ը։

Թեպետ Թուրքիային կատաղեցնելու ռիսկը մեծ էր, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը 1.5 մլն հայերի սպանությունները՝ ամենահրեշավոր հանցանքը, անվանել է ցեղասպանություն:

Ջո Բայդենն առաջին ամերիկացի նախագահն էր, որը նման հայտարարությամբ է հանդես եկել: Մինչդեռ ԱՄՆ նախկին նախագահները չեն ցանկացել հակադրվել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում գտնվող երկրին՝ Թուրքիային:

Այդ հայտարարությունը ահռելի խորհրդանշական կշիռ ունի՝ հայերի դեմ բռնությունն իր մասշտաբով հավասարեցնելով նացիստների կողմից գրավված Եվրոպայում, Կամբոջայում և Ռուանդայում իրականացված վայրագություններին:

«Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը բարոյական ապտակ էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Ցեղասպանությունը ջերմեռանդ մերժողին: Նա իր զայրույթն է հայտնել բոլոր այն առաջնորդներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապին:

New York Times-ը բացատրում է «ցեղասպանություն» եզրույթի սահմանումը. դա մարդկանց միտումնավոր սպանությունն է, մասնավորապես, ռասայական, քաղաքական ու մշակութային հատուկ խմբերի պատկանելության պատճառով, որի նպատակն է նրանց լիակատար ոչնչացումը:

«Ցեղասպանություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն, միջազգայնորեն սահմանվել է 1948-ին ՄԱԿ-ի կողմից:

Հոդվածում հստակեցվում է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, և ներկայացվում է ողջ ճշմարտությունը: Հայոց ցեղասպանությունը հայերի դեմ իրականացված բռնություններն են, որոնք խորանում են ժամանակակից Թուրքիայի նախնիների՝ Օսմանյան կայսրության պատմության մեջ: Նշվում է, որ 1.5 մլն հայեր սովամահ են եղել և սպանվել են Օսմանյան կայսրության զինվորականների ու ոստիկանների ձեռքով, բռնի տեղահան են եղել ու քշվել դեպի ներկայիս Սիրիայի տարածք և Մերձավոր Արևելքի այլ ուղղություններով:

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է եղել:  Թուրքիայի կառավարությունը հերքում է այն՝ ընդգծելով, որ առաջին աշխարհամարտի ժամանակ շատ թուրքեր էլ են մահացել, և որ հայերի ներկայացրած թվերն ուռճացված են:

Ինչո՞ւ են ԱՄՆ նախագահները ձեռնպահ մնացել Ցեղասպանությունը ճանաչելուց: Ոմանք շատ մոտ են եղել: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981-ի ապրիլի 22-ին անդրադարձել է «հայերի ցեղասպանությանը» նացիստների մահվան ճամբարների ազատագրումը հիշատակող հայտարարության մեջ: Սակայն ԱՄՆ ղեկավարները հիմնականում խուսափում էին սպանություններն անվանել ցեղասպանություն՝ Թուրքիայից հակահարված չստանալու պատճառով, ինչը կարող էր վտանգել տարածաշրջանային հակամարտություններում իրենց համագործակցությունն ու դիվանագիտությունը:

  • Կիսվել: