երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Բայդենի հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա»․ Էրդողան

«Բայդենի հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը:

Գործակալության հաղորդմամբ՝ ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նաև հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները «նոր դարաշրջան» կմտնեն նախագահ Ջո Բայդենի հետ իր անձնական հանդիպումից հետո, որը նախատեսված է հունիսի 14-ին՝ Բրյուսելում։
 
«1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Բայդենի հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել մեր հարաբերությունների վրա, բայց ես կարծում եմ՝ 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կայանալիք հանդիպումը կնշանավորի «նոր դարաշրջանի» սկիզբը», - հայտարարել է նա։
 
Թուրքական հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժի համաձայն՝ տեսակապի ռեժիմով Էրդողանի հետ հանդիպմանը մասնակցել են Boeing, Amazon, Microsoft, Kellogg, PepsiCo, Cisco, Procter & Gamble և Johnson & Johnson ընկերությունների ներկայացուցիչները։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել այդ ընկերություններին՝ «Թուրքիային հավատալու համար»՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգներից ակնկալում է «ավելի կառուցողական մոտեցում»:

  • Կիսվել: