Բասկերի երկրի Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան
Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը
«Քաղաքային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան և վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։