հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաքվում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ. Ադրբեջանը Թեհրանին բողոքի նոտա է հղել

Բաքվում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ. Ադրբեջանը Թեհրանին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Մուսավիին կանչել են արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Իրանը նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում հակաիրանական հրապարակումների եւ հոդվածների կանխման նպատակով միջոցեր ձեռնարկելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ, ըստ Հաջիզադեի, այսօր ԱԳՆ-ն նոտա է ստացել Ադրբեջանում Իրանի դեսպանատնից։ Նույն օրը Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Իրանական կողմին տրվել է պատասխան նոտա։

՛՛Ընդգծվել է, որ իրանական կողմի նոտայում ադրբեջանական լրատվամիջոցների մասին պնդումները օբյեկտիվ չեն։ Իրանական կողմին ներկայացվել է պատասխան նոտա, ինչպես նաեւ իրանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հակաադրբեջանական հոդվածների ցանկ՛՛,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հաջիզադեն նաև հավելել է, որ Իրանի դեսպանին ասվել է, որ Ադրբեջանի, նրա պաշտոնյաների մասին վիրավորական, կեղծ, զրպարտիչ եւ կողմնակալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ Իրանի հասարակական եւ քաղաքական գործիչների հայտարարություններն ու ելույթները, որոնք պարբերաբար տարածվում են իրանական լրատվամիջոցներում, վնասում են երկու երկրների հարաբերություններին եւ խորացնում թյուրիմացությունը:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական լրատվամիջոցներն Իրանին մեղադրել են պատգամավոր Ֆազիլ Մուստաֆի դեմ մահափորձ կազմակերպելու համար:

  • Կիսվել: