երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բաքուն Փարիզին հակադարձում է, թե Լաչինի միջանցքը շրջափակված չէ

Բաքուն Փարիզին հակադարձում է, թե Լաչինի միջանցքը շրջափակված չէ

Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքում է երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ-ի պնդումները։

«Այն պնդումների առնչությամբ, թե իբր Լաչինի ճանապարհն Ադրբեջանը «շրջափակման մեջ» է պահում, ինչի հետևանքով «հայ բնակիչները կանգնած են հումանիտար լուրջ ճգնաժամի առաջ», ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհեթեթ է սահմանային անցակետի շահագործումը ներկայացնել որպես շրջափակում, որը ստեղծվել է Լաչինի ճանապարհին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը երաշխավորելու, ինչպես նաև Հայաստանի կողմից ռազմական և անօրինական տնտեսական նպատակներով դրա չարաշահումը կանխելու Ադրբեջանի պարտավորության համաձայն», - ասված է պաշտոնական Բաքվի հայտարարությունում:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկնել է Աղդամի ճանապարհով օգնություն տրամադրելու առաջարկը: «Նաև ֆրանսիական կողմը քաջ գիտակցում է, որ եթե հայ բնակիչներն իրոք կարիք ունեն ամենօրյա անհրաժեշտության ապրանքների, ապա ադրբեջանական կողմը դրա համար առաջարկել է Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը և այլ այլընտրանքային ուղիներ», - ասված է հաղորդագրությունում:

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Կատրին Կոլոննան ասել է, մասնավորապես, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են պարտավորություններին, որոնք ստանձնել է կրակի դադարեցման համաձայնագրին համապատասխան, և վնաս են հասցնում բանակցային գործընթացին։ Նա հավաստիացել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, նաև հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է 3 միլիոն եվրո լրացուցիչ հատկացում կատարել տարածաշրջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։

  • Կիսվել: