Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային գիծը կմիացվի Թուրքիայի Կարս նահանգի ռազմավարական կարևոր նյութատեխնիկական կենտրոնին, գրում է jnews.ge-ն:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դա արտացոլված է Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության գործողությունների ծրագրում:

Փաստաթղթի համաձայն, թուրքական կողմից գործողությունների ծրագրի իրականացումը վստահված է Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանը և Պետական երկաթուղիներին, իսկ ադրբեջանական կողմից` «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ին:

Հիշեցնենք, որ ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017-ի հոկտեմբերի 30-ին: Երկաթուղային գիծն իրար է միացնում Ասիայի և Եվրոպայի երկաթուղային ցանցերը: Սա ամենակարճ ճանապարհն է ոչ միայն 3 երկրների, այլև Ասիայի և Եվրոպայի միջև: ԲԹԿ-ն թույլ է տալիս կրկնակի անգամ կրճատել բեռնափոխադրման ժամանակը: Երկաթուղին հեշտացնում է Կենտրոնական Ասիայի երկրների` Թուրքմենստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի մուտքը եվրոպական և համաշխարհային շուկաներ:

Երկաթուղու 504 կմ-ն անցնում է Ադրբեջանով, ընդհանուր երկարությունը 846 կմ է: 263 կմ-ն անցնում է Վրաստանով, իսկ Թուրքիայով` 79 կմ-ը: ԲԹԿ-ով նախնական փուլում նախատեսվում է փոխադրել 5 միլիոն տոննա, իսկ տարողունակությունը հետագա փուլերում կավելանա մինչև 17 միլիոն տոննա և ավելին: