շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
«Այստեղ պետք է կանգնած լիներ ուրիշ Վլադիմիր». Զելենսկին ելույթ է ունեցել Հաագայի դատարանում

«Այստեղ պետք է կանգնած լիներ ուրիշ Վլադիմիր». Զելենսկին ելույթ է ունեցել Հաագայի դատարանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Հաագայի միջազգային քրեական դատարանում: Ուկրաինայի ղեկավարը կոչ է արել գործընկերներին Ուկրաինան զինել ավելի ժամանակակից սպառազինությամբ՝ նշելով, որ որքան ավելի հզոր և հեռահար լինեն զենքերը, այնքան ավելի շատ կյանք է հնարավոր փրկել ամենօրյա գնդակոծություններից:

«Անշուշտ, մենք այստեղ կցանկանայինք տեսնել ուրիշ Վլադիմիրի (խմբ.՝ նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին)… Վստահ եմ, որ դա տեղի կունենա, երբ մենք հաղթենք, և մենք կհաղթենք», - Զելենսկիի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը:

Մարտին Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Պուտինին և ՌԴ-ում երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրահանգ է տվել՝ նրանց մեղադրելով «ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման մեջ»:

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է, որ ներկայիս պատերազմը լինի վերջինն աշխարհում:

«Մենք չենք կարող կանգնեցնել ագրեսիվ պատերազմները, սակայն կարող ենք հաղթել ագրեսիան՝ որպես հանցավոր գաղափար, որը ծնվում է անպատժելիության սովոր մարդու գիտակցության մեջ», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա կոչ է արել հարգել տարբեր պատերազմներում, այդ թվում՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը:

«Խնդրում եմ, նաև հիշեք այն ուկրաինացիներին, որոնք կարող էին ողջ մնալ, եթե չլիներ այս ագրեսիան, եթե չլիներ պատերազմը, որը մենք չէինք ցանկանում, որը ուզում ենք դարձնել աշխարհում վերջինը, և մենք դա կանենք», - ասել է Զելենսկին:

Մայիսի 4-ին Նիդերլանդներում անցկացվում է ռազմական հակամարտությունների զոհերի Հիշատակի օրը, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հոլանդացիների, իսկ հաջորդ օրը նշվում է Նացիստական ​​օկուպացիայից ազատագրման օրը։

 

  • Կիսվել: