Ավելի քան 3700 անօրինական միգրանտ է փորձել հատել Գերմանիայի սահմանը
Գերմանիայի ոստիկանությունը սեպտեմբերին երկրի ցամաքային սահմաններում հսկողության ժամանակավոր միջոցներ սահմանելուց հետո առաջին շաբաթներին արձանագրել է երկրի սահմանն անօրինականորեն հատելու ավելի քան 3700 փորձ: Այս մասին հաղորդել է Spiegel հրատարակությունը՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացրած տվյալները։
«Գերմանիայի սահմաններին վերահսկողության միջոցներ սահմանելուց հետո առաջին 23 օրվա ընթացքում դաշնային ոստիկանությունը գրանցել է չարտոնված մուտքի 3778 փորձ», - ասվում է հրապարակման մեջ։
Spiegel-ի տվյալներով` սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցված այս թվից 2462 հոգու արգելվել է մուտք գործել Գերմանիա, ևս 100 մարդ մերժում է ստացել, քանի որ նրանք արդեն ավելի վաղ արտաքսվել էին երկրից։
Ոստիկանությունը նաև ընդհանուր առմամբ շուրջ 600 մարդու է ձերբակալել սահմանը հատելու փորձ անելիս, որոնցից մոտավորապես 60-ը հետախուզման մեջ էին գտնվում որպես աջ ծայրահեղականներ, իսլամիստներ կամ ձախ ծայրահեղականներ:
Սեպտեմբերի 9-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը կարգադրել էր հսկողության ժամանակավոր միջոցներ սահմանել Գերմանիայի բոլոր ցամաքային սահմանների վրա՝ միգրանտների հոսքը նվազեցնելու համար և ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի շրջանակներում։ Եվրոպական հանձնաժողովին ուղղված բացատրական նամակում Ֆեզերը նշել է, որ միգրանտներին ընդունելու՝ երկրի և նրա դաշնային երկրամասերի ռեսուրսները «գործնականում սպառված են»: