ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավելի քան 16 հազար մարդ է տարհանվել Կանադայի արևելքում անտառային խոշոր հրդեհների պատճառով

Ավելի քան 16 հազար մարդ է տարհանվել Կանադայի արևելքում անտառային խոշոր հրդեհների պատճառով

 Կանադայի հարավ-արևելքում սաստիկ անտառային հրդեհները հանգեցրել են շուրջ 16 400 մարդու տարհանման: Այդ մասին տեղեկանում  ենք «Интерфакс» գործակալությունից:

Բացի այդ, վնասվել է մոտ 200 տուն և այլ շինություններ։

Հրդեհն ընդգրկել է հիմնականում Նոր Շոտլանդիա նահանգի անտառները։ Տարածաշրջանի ղեկավար Թիմ Հյուսթոնը հայտարարել է, որ ողջ նահանգում արգելք է սահմանվում անտառային տեղանքում ցանկացած գործունեության, այդ թվում՝ որսի և վրանային հանգստի համար։

«Շատ լուրջ իրադրություն է ստեղծվել նահանգում, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք Նոր Շոտլանդիան պաշտպանելու համար», - ասել է Հյուսթոնը։

Տեղի իշխանությունները չեն բացառում, որ առաջիկայում լրացուցիչ տարհանում կանցկացվի, քանի որ չորեքշաբթի օրը տարածաշրջանում ավելի շոգ եղանակ է լինելու, իսկ տեղումներ չեն սպասվում առնվազն մինչև ուրբաթ։ Նման եղանակային պայմանները կարող են հանգեցնել կրակի ակտիվ տարածմանը։

Անտառային հրդեհները Կանադայի հարավ-արևելքում մոլեգնում են հանգստյան օրերից:

  • Կիսվել: