երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Աշխարհի բնակչության մոտ 2,2 միլիարդն ունի տեսողական խանգարումներ

Աշխարհի բնակչության մոտ 2,2 միլիարդն ունի տեսողական խանգարումներ

Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում. դրանցից շատերը կանխարգելիչ միջոցառումների և ճիշտ բուժման բացակայության հետևանք են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհի բնակչության մոտավորապես 2,2 միլիարդն ունի տեսողական խանգարումներ, որոնց զարգացման և խորացման պատճառներից են ժամանակակից կյանքում`

  • գաջեթների, հեռախոսների և համակարգիչների էկրանային ժամանակի չարաշահումը,
  • աչքերի չորությունը,
  • վնասակար սովորույթները,
  • գերհոգնածությունը,
  • ոչ ճիշտ սննդակարգը և այլն:

Տեսողական խանգարումների ամենահաճախ հանդիպող պատճառներն են աչքի ռեֆրակցիոն անոմալիաները և կատարակտը: Անդառնալի կուրության հանգեցնող ակնային հիվանդությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում գլաուկոման, որը սովորաբար ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում հիվանդության ուշ փուլերում:
Մանկական հասակում կուրության հանգեցնող հիվանդությունների շարքում հատուկ ուշադրության կարիք ունի անհասության ռետինոպաթիան, որը 1500 գրամից պակաս և 34 շաբաթականից շուտ ծնված երեխաների մոտ է դիտվում:
Հայաստանում այս երեխաները հետազոտվում են դեռևս նորածնային վերակենդանացման բաժանմունքներում և անհրաժեշտության դեպքում ստանում են կանխարգելիչ բուժում` դեղորայքային, վիրահատական, ներառյալ վիտրեոռետինալ վիրահատությունները, որոնց իրականացման համար նախկինում ստիպված էին երեխաներին տանել արտերկիր։
Երիտասարդների շրջանում ակնային հիվանդություններից լայն տարածում ունի կերատոկոնուսը, որը բերում է տեսողության իջեցման և անկանոն աստիգմատիզմի առաջացման:

  • Կիսվել: