Արխանգելսկի մարզում Մ-8 մայրուղու խոշոր ավտովթարի հետևանքով 13 մարդ է զոհվել․ սուգ է հայտարարվել
Ռուսաստանի Արխանգելսկի մարզում սեպտեմբերի 12-ը հայտարարվել է Մ-8 «Խոլմոգորի» մայրուղու վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի հիշատակի սգո օր, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկին։ Այդ օրը պետական հիմնարկների շենքերի վրա դրոշները կիջեցվեն, ժամանցային միջոցառումները կչեղարկվեն։
Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի երեկոյան՝ դաշնային նշանակության Մ-8 մայրուղու 1180-րդ կիլոմետրում՝ Խոլմոգորի և Պրիմորսկի օկրուգների սահմանին։ Բախվել են ուղևորատար միկրոավտոբուսը, փայտատար բեռնատարը և մարդատար ավտոմեքենան։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ անչափահասներ։
Ոստիկանության նախնական վարկածով՝ միկրոավտոբուսը, մարդատար ավտոմեքենային առաջ անցնելիս, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել փայտատար բեռնատարին։ Հարվածից հետո վթարի մեջ է հայտնվել նաև մարդատար մեքենան։ ՃՏՊ-ի հանգամանքները պարզվում են։
Մարզային առողջապահության նախարարության տվյալներով՝ ութ տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ, մի քանի մարդ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։
Քննչական կոմիտեն վթարի առնչությամբ քրեական գործեր է հարուցել։ Շրջանի դատախազությունը նույնպես կազմակերպել է ստուգում։


