ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արգենտինայի հայ համայնքը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում են բազմոլորտ ծրագիր՝ ի նպաստ Հայաստանի երեխաների

Արգենտինայի հայ համայնքը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում են բազմոլորտ ծրագիր՝ ի նպաստ Հայաստանի երեխաների

Արգենտինայի հայ համայնքը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին միավորվում են ի շահ Հայաստանի երեխաների՝ այս անգամ մեկնարկելով բազմոլորտ երկամյա ծրագիր՝ ուղղված Հայաստանում վաղ ուսումնառությանը, հանրակրթությանը, երեխաների պաշտպանությանը և երիտասարդական ծառայություններին։  Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022-ից արդեն աշխատանքներ են իրականացվել Վանաձորում Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի վերանորոգման, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքի երկու հայորդյաց տներ հիմնելու ուղղությամբ: Բացի այդ, Սյունիքի երեք դպրոցների 15 դասասենյակների համար տրամադրվել են դպրոցական կահույք և ուսումնական նյութեր, ինչպես նաև վերանորոգել և կահավորվել է Գորիսի թիվ 5 մանկապարտեզը։
 
«Արգենտինայի համայնքի աջակցությամբ, այս կարևոր ծրագրերն իրականացվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։ Արգենտինայի «Հայաստան» համահայկական հիմնադրամը համաշխարհային կազմակերպության մի մասն է, որը 1992 թվականից ի վեր աշխատում է տարբեր ոլորտներում սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերի իրականացման վրա՝ ուղղված հայերի զարգացմանն ու աջակցություն ցուցաբերելուն: Հատկապես ուրախ ենք, որ կարող ենք համատեղ աշխատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ աջակցելու Հայաստանի երեխաներին Սյունիքի մարզում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանված ընտանիքներին»,- նշել է Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Կալպակյանը:
 
«Մենք երախտապարտ ենք Արգենտինայի հայ համայնքին՝ տրամադրած առատաձեռն աջակցության համար։ Այս ծրագրի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կկարողանա նպաստել Լոռիից Սյունիք հարյուրավոր երեխաների և դեռահասների իրավիճակի բարելավմանը և նրանց կրթության և զարգացման համար անհրաժեշտ ծառայություններ և պայմաններ կապահովի»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության ներքո Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին կտրամադրի բազմամասնագիտական ծառայություններ, ինչպիսիք են՝ վերականգնումը, դեպքերի վարումը, ընտանիքի բաժանման կանխարգելումը, հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայությունները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենտրոնի մասնագետների համար նաև կիրականացնի աշխատանքային վերապատրաստումներ:
 
«Նմանօրինակ համագործակցություններն իսկապես կարևոր են մեզ համար, քանի որ երեխաներին ծառայություններ մատուցող հաստատությունների բարեկարգման գործընթացներն անմիջականորեն ազդում են վերջիններիս տրամադրվող ծառայությունների որակի, հաճախականության, արդյունավետության վրա: Իսկ ընդհանուր առմամբ, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը և մարզերում խնամքի ծառայությունների ներդրումը շարունակում են լինել  նախարարության առաջնահերթություններից:  Ապակենտրոնացումը միաժամանակ հնարավորություն է տալիս հետագայում կանխել նաև երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։
 
Արթիկի և Վերիշենի շուրջ 300 դեռահասներ և երիտասարդներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, նորաստեղծ երիտասարդական տների միջոցով կկարողանան ոչ ֆորմալ կրթություն ստանալ, ձեռք բերել 21-րդ դարի հմտություններ, ինչպիսիք են խնդիրների լուծումը, հաղորդակցությունը, առաջնորդությունը, ՏՏ հմտությունները, կաշխատեն համայնքային նախագծերի վրա, կվարեն առողջ ապրելակերպ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ միասին կվերապատրաստի այս կենտրոնների ապագա անձնակազմին և կտրամադրի անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ:
 
Գորիսի և Վերիշենի թիվ 2 և 6 դպրոցները կապահովվեն նոր կահույքով և նյութերով, որպեսզի արդեն նոր դասասենյակներում աշակերտները սովորեն զարգացման համար համապատասխան միջավայրում։ Սյունիքի դպրոցների ուսուցիչներին աջակցություն կտրամադրվի նաև աշակերտների համար լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու նպատակով, որպեսզի աշակերտները կարողանան լրացնել բաց թողնվածը Քովիդ-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառներով։
 
Գորիսի թիվ 5 մանկապարտեզում ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն սկսել է վերանորոգման աշխատանքները՝ ապահովելով անվտանգության չափանիշներ և համընդհանուր դիզայն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար շենքի մատչելիությունն ապահովելու համար: Մանկապարտեզին կտրամադրվեն նոր կահույք, ինչպես նաև դիդակտիկ նյութեր, խաղալիքներ և գրքեր, իսկ անձնակազմը կվերապատրաստվի նախադպրոցական կրթության չափանիշների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում անվտանգության և դիմակայունության և հոգեբանական առաջին օգնության թեմաներով:

  • Կիսվել: