հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապրիլի 6-ին Հայաստանի վարչապետին հարցրեցի սահման տանող ճանապարհի աշխարհագրական կոորդինատները, բայց պատասխան չեղավ. Ալիևը՝ Կլաարի հետ հանդիպմանը

Ապրիլի 6-ին Հայաստանի վարչապետին հարցրեցի սահման տանող ճանապարհի աշխարհագրական կոորդինատները, բայց պատասխան չեղավ. Ալիևը՝ Կլաարի հետ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Նա բարձր է գնահատել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպումը, գրում է minval.az-ը։

«Եռակողմ հանդիպումը շատ կառուցողական էր, լավ արդյունքներով ու ձեռքբերումներով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Շառլ Միշելին՝ իր ջանքերի և մթնոլորտ ստեղծելու համար, որը թույլ տվեց մեզ քննարկել շատ կարևոր հարցեր և համաձայնվել սկսել կարգավորման գործընթացը։ Կարծում եմ՝ դա մեկնարկային կետն էր։ Որովհետև մենք պայմանավորվեցինք ստեղծել սահմանային հանձնաժողովներ և միևնույն ժամանակ խաղաղության համաձայնագրի աշխատանքային խմբեր։ Այս մասին մենք նախկինում էլ ենք խոսել, և, ինչպես գիտեք, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ մենք պետք է բանակցություններ սկսենք խաղաղության համաձայնագրի շուրջ։ Կարծում եմ, որ պաշտոնական մեկնարկային կետը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Բրյուսելում։ Այդ ժամանակվանից մենք աշխատում ենք, ԱԳՆ-ն աշխատում է, և իմ վարչակազմը կապի մեջ է ձեր թիմի հետ, և մենք պատրաստ ենք սկսել, ինչպես պայմանավորվել ենք: Կարևոր եմ համարում, որ մենք շարունակենք այս առաջընթացը, և որ երկու կողմերն էլ հավատարիմ մնան պայմանավորվածություններին»,- ընդգծել է Ալիևը։

Նրա խոսքով, հայկական կողմի պարզաբանման կարիք ունեցող հարցերից մեկն Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապի հարցն է։

«Նկատի ունեմ և՛ երկաթուղին, և՛ մայրուղին։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, նախագահ Միշելին տեղեկացրել եմ, որ մենք Ադրբեջանում կառուցել ենք ավելի քան 100 և 60 կիլոմետր երկաթուղի, և հաջորդ տարի կավարտենք շինարարությունը։ Սակայն, ցավոք, Հայաստանում տեխնիկատնտեսական հիմնավորումը դեռ չի սկսվել, ինչը վկայում է այն մասին, որ գործընթացը կարող է ձգձգվել։ Ինչ վերաբերում է մայրուղուն, Ադրբեջանն այն ակտիվորեն կառուցում է, և ճանապարհի մեծ մասն արդեն կառուցված է։ Նաև հույս ունենք, որ մինչև հաջորդ տարվա վերջ մենք հավանաբար կհասնենք Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին։ Ցավոք, Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը չի նշել աշխարհագրական կոորդինատները։ Ես այս հարցը բարձրացրել եմ փետրվարի 4-ի տեսակոնֆերանսում, բայց պատասխան չի եղել։ Ապրիլի 6-ին կրկին հարցրեցի ճանապարհի աշխարհագրական կոորդինատները, բայց պատասխան չեղավ։ Հուսով եմ, որ մենք այն կստանանք մոտ ապագայում»,- ընդգծել է Ալիևը։

  • Կիսվել: