հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Աննախադեպ դիվերսիա». Տուսկը՝ Լեհաստանում Ուկրաինա տանող երկաթուղային գծի պայթյունի մասին

«Աննախադեպ դիվերսիա». Տուսկը՝ Լեհաստանում Ուկրաինա տանող երկաթուղային գծի պայթյունի մասին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը դեպի Ուկրաինա տանող երկաթուղային գծի վրա նախօրեին տեղի ունեցած պայթյունը բնորոշել է որպես «աննախադեպ դիվերսիա», տեղեկացնում է The Guardian-ը:

Նշվում է, որ Տուսկը սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «Ցավոք, ամենավատ ենթադրությունները հաստատվեցին: Վարշավա-Լյուբլին հատվածում (Միկա գյուղ) տեղի է ունեցել դիվերսիայի գործողություն: Պայթուցիկ սարք է գործի դրվել, որը ոչնչացրել է երկաթուղային գիծը: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները և դատախազությունը: Եվս մեկ վնաս է արձանագրվել նույն գծում՝ Լյուբլինի մոտ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 16-ին երկու միջադեպ է տեղի ունեցել Վարշավա-Լյուբլին երթուղու վրա: Առավոտյան Միկա գյուղի մերձակայքում պայթյունի հետևանքով վնասվել է երկաթգծի հատվածներից մեկը:

Մեքենավարն անհարթություններ է նկատել և այդ մասին զգուշացրել կարգավարին: Գնացքում եղել է երկու ուղևոր և անձնակազմի մի քանի անդամ: Ոչ ոք չի տուժել: Այնուհետև երեկոյան նույն ուղղության վրա ևս մեկ միջադեպ է գրանցվել. օդային գծի վնասման պատճառով արտակարգ կանգառ է կատարել 475 ուղևորի տեղափոխող գնացքը:

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ զինված ուժերն ուսումնասիրում են դեպի լեհ-ուկրաինական սահման տանող երկաթգծի մնացած 120 կմ-անոց հատվածը: Լեհաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարը չի բացառել, որ դիվերսիայի հետևում կանգնած են օտարերկրյա հետախուզական ծառայությունները:

  • Կիսվել: