կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անկարգություններ Իրաքում. իմամ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները գրոհել են նախագահական պալատը․ կա 30 զոհ

Անկարգություններ Իրաքում. իմամ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները գրոհել են նախագահական պալատը․ կա 30 զոհ

Շիա ազդեցիկ իմամ Մուկթադա աս-Սադրը հայտարարել է, որ հեռանում է Իրաքի քաղաքական դաշտից, ինչից հետո նրա հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի կառավարական «կանաչ գոտի», մասնավորապես՝ Հանրապետական պալատ, որտեղ գտնվում են կառավարության շտաբը և մի շարք դեսպանատներ։

Չնայած ամբողջ երկրում սահմանված պարետային ժամին՝ Բաղդադում և Իրաքի այլ շրջաններում անկարգությունները և բախումները չեն դադարել ողջ գիշեր։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բաղդադի կենտրոնում պայթյուններ են որոտացել, թիրախավորվել է Իրաքում ԱՄՆ դեսպանատունը։

Կարգուկանոնի հաստատման գործողություններին ներգրավվել են երկրի կանոնավոր բանակի ստորաբաժանումները: Իրաքի կառավարությունն օգոստոսի 30-ը ոչ աշխատանքային օր է հայտարարել՝ անվտանգային բարդ իրավիճակի պատճառով։

Վերջին տվյալով՝ մայրաքաղաքի կենտրոնում զինված բախումների ժամանակ հետևանքով զոհվել է 30 մարդ, ևս 700-ը վիրավորվել է: 

Շիա իմամը հացադուլ է հայտարարել՝ մինչև երկրում չդադարեցվեն զանգվածային բռնությունները։ Նշվում է նաև, որ Իրաքի կառավարության ներկայացուցիչները, աս-Սադրի շարժման և հակառակորդ «Համակարգող ուժերի» ներկայացուցիչները բանակցում են՝ Բաղդադի «կանաչ գոտում» հրադադար հաստատելու շուրջ։ Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում։

Աս-Սադրի կողմնակիցները, որոնք խորհրդարանում կազմում էին ամենամեծ բլոկը, հունիսին վայր էին դրել իրենց մանդատները: Նրանք պահանջում էին ցրել խորհրդարանը և նոր ընտրությունների ամսաթիվ նշանակել: Այսօր Իրաքի Դաշնային դատարանը պետք է քննարկեր խորհրդարանը ցրելու մասին շիա առաջնորդի շարժման հայցը։

  • Կիսվել: