չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անհրաժեշտ է ճանաչել աշխարհակարգի ավելի արդար բազմակենտրոն համակարգի ձեւավորման անշրջելիությունը․ Լավրով

Անհրաժեշտ է ճանաչել աշխարհակարգի ավելի արդար բազմակենտրոն համակարգի ձեւավորման անշրջելիությունը․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱԳՆ կայքում հրապարակված բազմաբեւեռության համաշխարհային առցանց համաժողովի մասնակիցներին եւ կազմակերպիչներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ այսօր բոլորը պետք է ճանաչեն աշխարհակարգի ավելի արդար բազմակենտրոն համակարգի ձեւավորման անշրջելիությունը, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Այսօր բոլորը պետք է ճանաչեն աշխարհակարգի ավելի արդար, բազմակենտրոն համակարգի ձեւավորման անշրջելիությունը։ Ընդհանուր շահերից է բխում այնպես անել, որ բազմաբեւեռ ճարտարապետությունը հենվի ոչ թե «վախի հավասարակշռության», այլ շահերի հավասարակշռության, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի, տարբեր քաղաքակրթությունների, կրոնների եւ մշակույթների փոխադարձ հարգալից երկխոսության վրա»,-ասել է նա։

Նա հայտարարել է, որ նոր համաշխարհային կենտրոնները, առաջին հերթին Եվրասիայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, տպավորիչ հաջողությունների են հասնում տարբեր ոլորտներում՝ հենվելով ինքնուրույնության, պետական ինքնիշխանության եւ մշակութային-քաղաքակրթական ինքնության վրա: Միեւնույն ժամանակ, Լավրովի կարծիքով, նրանք առաջնորդվում են իրենց բնիկ ազգային շահերով, անկախ քաղաքականություն են վարում ներքին եւ արտաքին գործերում:

«Մեր աչքի առաջ շարունակվում է միջազգային հարաբերությունների ենթակառուցվածքների թարմացումը։ Բազմաբեւեռ դիվանագիտության վառ օրինակ է նոր տիպի այնպիսի բազմակողմ միավորումների գործունեությունը, ինչպիսիք են ՇՀԿ-ն եւ ԲՐԻՔՍ-ը։ Դրանց շրջանակներում տարբեր քաղաքական եւ տնտեսական համակարգերով, ինքնատիպ արժեքային եւ քաղաքակրթական հարթակներով երկրները արդյունավետ համագործակցում են ամենատարբեր ոլորտներում»,-ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ միջպետական շփման բազմաբեւեռ, իրավական, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերի առաջնագծում:

«Այդ նպատակով մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի հարթակում։ Անշուշտ, այսուհետ եւս սերտորեն կհամակարգենք մեր քայլերը բազմաթիվ բարեկամների, դաշնակիցների եւ համախոհների հետ, այդ թվում՝  ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ԲՐԻՔՍ-ի, ՇՀԿ-ի եւ զարգացող աշխարհի այլ տարածաշրջանային միավորումների գծով»,-հայտարարել է Լավրովը։ 

  • Կիսվել: