Անձամբ ես և Գերմանիայի կառավարությունը Թուրքիային համարում ենք ԵՄ մտերիմ գործընկեր. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թուրքիային համարում է Եվրամիության մտերիմ գործընկեր: Այս մասին նա հայտարարել է Թուրքիա կատարած իր առաջին այցի ընթացքում՝ այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մերցը նշել է, որ ցանկանում է զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում։
«Ես անձամբ և Գերմանիայի կառավարությունը Թուրքիային համարում ենք Եվրամիության մտերիմ գործընկեր։ Մենք ցանկանում ենք շարունակել հարթել ճանապարհը դեպի Եվրոպա»,-ասել է նա:
Ըստ Մերցի՝ իրենք խոսել են միգրացիայի խնդիրների մասին։ Օրակարգի այլ կարևոր հարցերից էր պաշտպանական համագործակցությունը։
Շաբաթվա սկզբին Թուրքիան Eurofighter ինքնաթիռների մատակարարման մասին համաձայնագիր ստորագրեց։ Մերցը ողջունել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից 20 Eurofighter ինքնաթիռների գնումը։
«Ռուսաստանի ռազմատենչ ռևիզիոնիզմն ամբողջությամբ վտանգում է եվրաատլանտյան անվտանգությունը: Այս համատեքստում Գերմանիայի կառավարությունը ողջունում է Թուրքիայի որոշումը՝ ձեռք բերել 20 Eurofighter ինքնաթիռ։ Այս ինքնաթիռները կծառայեն դաշինքի կոլեկտիվ անվտանգությանը»,-նշել է նա:


