ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ՊՆ ստորաբաժանումների, մի շարք ընկերությունների և քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք կառույցների, այդ թվում՝ ցամաքային զորքերի և Պաշտպանության նախարարության երկու վարչությունների դեմ՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի ու Սիրիայի վերաբերյալ զենքի չտարածման մասին ամերիկյան օրենքը ենթադրաբար խախտելու համար։ Այս մասին է վկայում Դաշնային ռեգիստրի կայքում տեղադրված Պետդեպարտամենտի ծանուցումը։
«2026 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ կառավարությունը կիրառել է Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի վերաբերյալ Միջուկային զենքի չտարածման մասին օրենքի 3-րդ բաժնով նախատեսված միջոցները», - նշված է ծանուցման մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են ՌԴ ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչությունը, գերատեսչության հեռանկարային միջտեսակային հետազոտությունների և հատուկ նախագծերի վարչությունը, Ռուսաստանի ցամաքային զորքերը, ինչպես նաև Նյութատեխնիկական ապահովման 1061-րդ կենտրոնը։ Սահմանափակումներ են մտցվել նաև «Գիդեոն Ալֆա» ընկերության և «Ինտերնեշնլ ինվեստ քոմփանի» ՍՊԸ-ի նկատմամբ։
Պատժամիջոցների տակ են ընկնում դրանց դուստր ձեռնարկությունները և ցանկացած իրավահաջորդ։
Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում են ներառվել նաև ՌԴ քաղաքացիներ Անդրեյ Գուսևը, Անդրեյ Կոսոլապովը, Վլադիսլավ Մորոզիկը, Ալեքսանդր Պրիխոդկոն և Սերգեյ Ցիբարևը։
Ընդունված միջոցների համաձայն՝ ԱՄՆ կառավարության որևէ դեպարտամենտ կամ գործակալություն չի կարող ձեռք բերել կամ գնման պայմանագրեր կնքել այդ օտարերկրյա անձանցից ցանկացած ապրանքի, տեխնոլոգիայի կամ ծառայության համար:
Ամերիկյան գերատեսչություններին արգելվում է նաև նրանց որևէ աջակցություն ցուցաբերել, ռազմական նշանակության արտադրանք վաճառել կամ լիցենզիաներ տրամադրել: Նշված միջոցները գործում են ուժի մեջ մտնելու պահից երկու տարի ժամկետով։ Դրանցից բացառություններ կարող են արվել ԱՄՆ պետքարտուղարի որոշմամբ։



