երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելը Իրանից պաշտպանելու համար

ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելը Իրանից պաշտպանելու համար

Անցած հանգստյան օրերին Իրանի հրթիռային գրոհից Իսրայելը պաշտպանելու, ինչպես նաև 2023-ի հոկտեմբերից ի վեր Կարմիր ծովում առևտրային նավերի վրա Եմենի հութիների գրոհները կանխելու համար Միացյալ Նահանգները ծախսել են մոտ 1 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամերիկյան Սենատի՝ հատկացումների ենթահանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Կառլոս Դել Տորոն:

«Զինամթերքի համար մեր ծախսերը մոտենում են 1 միլիարդ դոլարին, որը մեզ անհրաժեշտ է լրացնել լրացուցիչ միջոցների հաշվին»,- Ինտեռֆաքսի փոխանցմամբ՝ նշել է նախարարը:

Կառլոս Դել Տորոն մանրամասնել է, որ ամերիկացիներն արձակել են SM-2, SM-6 և SM-3 հրթիռներ՝ Իրանից բխող բալիստիկ հրթիռների սպառնալիքին դիմակայելու համար: Նախարարի խոսքերով՝ ստեղծված իրավիճակում ԱՄՆ ռազմածովային ուժերը լրացուցիչ ֆինանսավորման խիստ կարիք ունեն։

ԱՄՆ ռազմածովային ուժերի հակազդող հրթիռները մոտ երկու անգամ թանկ են Կարմիր ծովում հութիների օգտագործած հականավային հրթիռներից:

  • Կիսվել: