երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ Պետդեպի խոսնակը հայտնել է, թե երբ կսկսվեն բանակցությունները Թուրքիայի հետ F-35-ի շուրջ

ԱՄՆ Պետդեպի խոսնակը հայտնել է, թե երբ կսկսվեն բանակցությունները Թուրքիայի հետ F-35-ի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակներից մեկը «Ամերիկայի ձայն» լրատվական հարթակի (VOA) ներկայացուցչի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի F-35 կործանիչների ձեռք բերման գործընթացին, գրում է ermenihaber.am-ը:

Նա նշել է, որ Թուրքիայի գնած ռուսական S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը չեն համապատասխանում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) զենք-զինամթերքի ստանդարտներին և այդ համակարգը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների անվտանգությանը:

Բացի այդ ընդգծել է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ անդամ և դաշնակից չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ապա նաև կոչ է արել Թուրքիային հրաժարվել S-400-ներից:

«Երբ լուծենք S-400-ի խնդիրը, ԱՄՆ-ն կողջունի Թուրքիայի հետ F-35-ի թեմայով հանդիպումը»,-ասել է նա:

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հանրային կապերի քարտուղար, կոնտրադմիրալ Զեքի Աքթյուրքը նախարարությունում անցկացված մամուլի ասուլիսում ևս խոսել է այս թեմայի շուրջ:

Նա հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ետ պահանջել F-35-երի համար վճարած գումարը:

«Մենք կարծում ենք, որ կկարողանանք վերադարձնել F-35-ի համար վճարված մեր գումարը: Այս հարցում ևս մեր քննարկումները շարունակվում են»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից «Հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո, Վաշինգտոնը մի քանի անգամ Անկարային տարբեր խողովակներով առաջարկել էր նաև Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը փոխանցել Ուկրաինային:

ԱՄՆ-ն այդ առաջարկով պատրաստակամություն էր հայտնել նաև քննարկել 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրում Թուրքիայի մասնակցության վերականգնման հարցը, որին Անկարայի մասնակցությունը կասեցվել էր ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ՌԴ-ից S-400-ներ գնելու պատճառով:

«Reuters» գործակալությունն էլ հայտնել էր, որ ամերիկյան կողմը թեման օրակարգ էր բերել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ: Ըստ որի՝ ոչ պաշտոնական քննարկման ժամանակ թուրք պաշտոնյաները ամերիկյան կողմին տեղեկացրել էին, որ նման քայլը (S-400-ը Կիևին փոխանցելը-խմբ.) կարող է փչացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հասկացնելով, որ Թուրքիայի կողմից այդ առաջարկի ընդունումն իրատեսական չէ:

  • Կիսվել: