ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ նամակով դիմել են Բլինքենին, Փաուերին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանական ներխուժումը Հայաստան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ նամակով դիմել են Բլինքենին, Փաուերին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանական ներխուժումը Հայաստան

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերին, որում կոչ են արել շարունակել ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը Հարավային Կովկասում, այն է՝ անվտանգային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ, կասեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու շարունակել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:

Կոնգրեսականները Գրանադայի հոկտեմբերի 5-ի հանդիպմանը մասնակցելուց Ալիևի հրաժարվելը համարել են ևս մեկ ազդանշան, որ նա էթնիկ զտումների արշավը չի դադարեցնի: Ուստի ամերիկյան օրենսդիրները նամակում ընդգծել են, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի հնարավոր ամենաուժեղ, որոշակի քայլերը՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու համար, այդ թվում՝ պետք է պատժամիջոցներ կիրառի Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների նկատմամբ, կասեցնի Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, անվտանգային հզոր աջակցություն ցուցաբերի Հայաստանին և որևէ ներխուժում կանխելու համար Հայաստանում ստեղծի միջազգային դիտորդական և խաղաղապահ ուժեր:

ԱՄՆ կոնգրեսականներն ընդգծել են, որ ցանկացած վերջնական խաղաղ կարգավորում պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինքնիշխան տարածքի ուրվագծումը՝ 1975-1976 թվականների խորհրդային հատուկ ռազմական քարտեզների հիման վրա:

Օրենսդիրները կարևորել են նաև ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ մարդասիրական օգնության տրամադրումը Հայաստանին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, ինչպես նաև ԼՂ-ի գերեվարված պաշտոնյաների և մյուս գերիների ազատ արձակումը:

Նամակը ստորագրել են մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ:

  • Կիսվել: